Մենք՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայ համայնքի ներկայացուցիչները, խորը մտահոգություն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստն ու դատապարտում այդ շրջանակներում իրականացվող հալածանքները։
Անընդունելի ենք համարում Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդների վրա ճնշում գործադրելու իրավական մեխանիզմների կիրառումը։ Նման գործողությունները խաթարում են կրոնական ազատության հիմքերը և հավատացյալների՝ իրենց հոգևոր կյանքը ազատորեն վարելու իրավունքը՝ դրանով իսկ լուրջ մտահոգության տեղիք տալով ջավախահայ շրջանակներում։
Մեր վրդովմունքն է արտահայտվում նաև Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի խոչընդոտման փորձերի կապակցությամբ։ Համոզված ենք, որ եկեղեցական հաստատությունների գործունեությանը միջամտելը հակասում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, այդ թվում՝ խղճի, կրոնի և հավաքների ազատությանը։
Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին՝
դադարեցնել Վեհափառ Հայրապետի և հոգևորականների հանդեպ ճնշումները,
ապահովել օրենքի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը,
կանխել եկեղեցական կառույցների գործունեությանը միջամտելու վտանգավոր ընթացքը։
Մենք պաշտպանում ենք երկխոսությունը, օրենքի գերակայությունը և կրոնական հաստատությունների ու ավանդույթների նկատմամբ հարգանքը։
Հարգանքներով՝
Ջավախահայ գործիչներ։