Տարեվերջը, կարծում եմ, ամենաճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու տարվա ընթացքում բարձրացված բավականին ուշագրավ հարցադրմանը։ Հարցադրման հեղինակը հայաստանյան քաղաքական ուժերից մեկն է՝ «Համահայկական ճակատ» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատը» հարցումներ էր ուղարկել ՀՀ պետական մի շարք գերատեսչությունների՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավաչափության հետ։ Հարցը ձևակերպված էր այսպես․ «Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ, տալ հանձնարարական՝ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել իրավական այն ակտը (օրենքներ, ենթաօրենսդրական կարգավորումներ), որով սահմանվում է տվյալ գործառույթների իրականացումը»։
Այս հարցադրումը, որը պարզապես պահանջում էր պետական մարմիններից իրենց լիազորությունների շրջանակում տրամադրել իրավական պարզաբանումներ, հանգեցրեց անսպասելի և միանշանակ պատասխանների։ ՄԻՊ գրասենյակից, արդարադատության նախարարությունից և ԱԱԾ-ից ստացվեցին «ցրողական» պատասխաններ՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե դա իրենց իրավասությունից դուրս է, այսինքն՝ իրենք «լիազորություն չունեն»։
Այսպիսով, ավելի քան երկու ամիս անց Սահմանադրական դատարանից ստացվեց նույն «արտագրված» պատասխանը։ Իրենց պաշտոնական հայտարարության մեջ Սահմանադրական դատարանը նշել էր, որ իր լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, որոնք, իրենց խոսքով, չեն սահմանում իրենց լիազորությունը պարզաբանելու պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորությունները։
Այսինքն, մի ամբողջ պետական մարմին, որի գործառույթը պետք է լինի օրենքների և Սահմանադրության մեկնաբանությունը, երկու ամիս շարունակ «պոչիկով» նստել, երկար-բարակ խորհել է ու եկել այն եզրակացությանը, որ բավականին տեղին տրված հարցը… «լիազորություններից դուրս» վիճակում է։
Հետաքրքիր է, որ այս հարցին անդրադառնալուց առաջ արդարադատության նախարարությունը գոնե մի երեք էջ տեքստ էր կազմել, որպեսզի, մեծ հաշվով, նույն բանն ասի. «Բարձրացված հարցերը դուրս են արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակից»։ Բայց գոնե մի երեք էջ գրել էին, թե ինչու… լիազորություն չունեն։
Ի վերջո, պատասխան է ստացվել նաև Քննչական կոմիտեից։ Այստեղ էլ են լակոնիզմի կողմնակից՝ «…Կոմիտեն իր գործառույթների շրջանակներից դուրս հարցադրումներին իրավասու չէ տրամադրել իրավական դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ»։
Այսպիսով, պարզապես ցրելով պատասխանները, պետական մարմինները ստեղծել են մի անտեղյալ իրավական վակուում։ Որովհետև ստացվում է, որ ոչ մի պետական կառույց՝ արդարադատություն, գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, ԱԱԾ, ՄԻՊ, Սահմանադրական դատարան, իրավասություն չունի պատասխանել արտաքուստ տարրական թվացող հարցերին, որևէ մեկն իրավասություն չունի պարզաբանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները։
Այդ պարագայում հարցը մնում է օրակարգում․ Հայաստանում կա՞ այնպիսի մարմին, որը նման լիազորություն կամ իրավասություն ունի։ Թե՞ բոլորի լիազորություններն ու իրավասություններն ավարտվում են այնտեղ, որտեղ առկա է Նիկոլ Փաշինյանի և նրա SMS-ի գործոնը։
Իհարկե, պետական մարմինները չեն խախտել տեղեկություն ստանալու իրավունքը։ Բայց նրանք անդրադարձել են միայն այն բանի համար, որպեսզի ասեն, թե իրենք լիազորություն չունեն։ Ինչի՞ համար էր պետք այդքան երկար-բարակ «գիտությունով չալել»…