Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարեվերջյան պարգեւատրումները կկատարի նոր, մինչև այժմ չկիրառված մեթոդով։ Այս մասին տեղեկացնում ենք ՊՆ-ի ներքին շրջանակներից։
Կառավարությունը գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ-ի քաղաքական, հայեցողական և քաղծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները պարգեւավճարներ կստանան 2025 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Այս համակարգի պայմաններում, ՊՆ-ի ղեկավարության կազմում գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կտրամադրվեն զգալի գումարներ։ Օրինակ, Պաշտպանության նախարարի երեք տեղակալները կստանան 4 մլն 800 հազարական դրամ, իսկ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու մի քանի այլ պաշտոնատար անձինք՝ 2 մլն 600 հազարական դրամ։ Այս խմբի պարգեւավճարների ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։
Նրանցից քիչ պակաս գումար կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը, որոնց թիվը կազմում է մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի, ՊՆ-ի քաղծառայողները կստանան ավելի փոքր գումար՝ 62-145 հազար դրամ։ Այս կապակցությամբ, անանուն մնալու պահանջով աղբյուրը նշել է․ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա»։
Բացի պարգեւավճարից, ՊՆ-ի աշխատակիցները կստանան նաև 13-րդ աշխատավարձ՝ 600-700 հազար դրամի չափով։
Այս միլիոնների պարգեւավճարները, որոնք կատարվում են նախընտրական շրջանում, ՊՆ-ի շրջանակներում համարվում են օրինականացված ընտրակաշառք։ Որոշ աշխատակիցներ նշում են, որ ՊՆ-ի ղեկավարությունը «խոպան է եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ է ստանում»՝ Բանակի բերնից կտրված միջոցներով լցնելով իրենց գրպանները։ Նրանց խոսքով՝ նման քաղաքականությունը ցույց է տալիս անտարբերություն սահմանային իրավիճակների և բանակի պաշտպանական կարողությունների նկատմամբ։