Հաճախ, ուսումնասիրելիս պաշտոնյաների կենսագրությունները և նրանց ունեցվածքը, կարելի է ավելի ակնհայտ դառնալու իշխանության ներսում կադրային սովի ցայտուն արտացոլումը։
Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից իր օգնական, ապա խորհրդական, իսկ այժմ՝ տեղակալ նշանակված Ջանիկ Բազեյանի դեպքը։
Ջանիկ Բազեյանը, մինչև քաղաքական դաշտում իր հայտնվելը, 2014-2018 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում՝ զբաղվելով անհատ ձեռներեցությամբ։ Նրա կենսագրության մեջ 2018-2020 թվականների ընթացքը հարցական է, քանի որ այս երկու տարին բաց են թողնված։
2020 թվականից սկսվող կարիերայում Բազեյանը, երբեւէ պետական պաշտոն չզբաղեցնելով, վերադարձել է հայրենիք և միանգամից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում դարձել կոմիտեի նախագահի օգնական։ Կենտրոնական է այն փաստը, որ այդ ժամանակ նախագահը հենց ներկայիս մարզպետ Կարեն Սարգսյանն էր։
2021 թվականին, երբ Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Ջանիկ Բազեյանը տեղափոխվեց մարզպետարանի աշխատակազմ՝ շուրջ երեք տարի աշխատելով որպես մարզպետի օգնական։ 2024 թվականի փետրվարից նա երկու ամսով անցավ խորհրդականի պաշտոնին, իսկ մարտից՝ նշանակվեց մարզպետի տեղակալ։
Բազեյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է, սակայն կուսակցության անդամ չէ։
Ինչ վերաբերում է փոխմարզպետի ունեցվածքին, ապա նրա կողմից ներկայացված 2024 թվականի հայտարարագրում նշված է հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս և մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ Բազեյանը ծնունդով հենց Ջրվեժից է։ Հողամասերից երեքը նա նվիրատվություն է ստացել երեք անձանցից, որոնք, ըստ անվանումների, ամենայն հավանականությամբ իրեն հարազատ մարդիկ են։
Այնուամենայնիվ, 2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում առկա է սխալ։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույց՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով ևս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։ Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։
Ավելի մեծ խնդիրը 2023 թվականի հայտարարագրում է։ Բազեյանը նվիրատվություն ստացած միայն 2 հողամասն է հայտարարագրել, այնինչ պետք է հայտարարագրեր նվիրատվություն ստացած 3 հողամաս։ Բացի դրանից, նա հայտարարագրել է 4 գույք։