Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական Միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մագնուս Բրուններին՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում ցուցաբերած առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ հանձնառություն ունի Գործողությունների ծրագրի բոլոր հենանիշերը որակով և պատշաճ ընթացակարգերով իրականացնելու նկատմամբ։
Քննարկվել է նաև ԵՄ կողմից Գործողությունների ծրագրի կատարողականի գնահատման առաջին առաքելության անցկացման հարցը, որի ընթացքում կքննարկվեն ուղենիշների իրավական և քաղաքականության ապահովմանը վերաբերող հարցեր։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ բիոմետրիկ համակարգի ներդրումը, առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի իրականացումը և այլ ուղղություններով կատարված շոշափելի քայլերը։ Նա նաև կարևորել է ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությունը՝ նշելով, որ առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը։
Միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու և Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքին միանալու համար ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունները շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ նշելով նրան որպես երկրի գլխավոր բանակցող։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, և երկու կողմերն էլ շեշտադրել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու երկկողմ հանձնառությունը։ Քննարկվել են 2026 թվականի մարտին Մագնուս Բրունների՝ Հայաստան կատարելու պաշտոնական այցի մանրամասները։ ԵՄ հանձնակատարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է այս այցին։