Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը երբեք չի եղել ուղղված Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացի նպատակը եղել է Հայաստանին և, որոշ չափով, Ադրբեջանին թակարդում պահելը։
«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել, այլ խնդիր է դրվել այնպես անել, որ Հայաստանը չունենա անկախ պետություն լինելու շանս», – նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ այս փաստի խոստովանությունը բարդ է, սակայն անհրաժեշտ է ապագայի համար։
Փաշինյանը նշեց, որ հրապարակված փաթեթը հստակ ցույց է տալիս, թե ինչպես էր արգելակվում ոչ միայն Հայաստանը, այլև ավելի լայն մասշտաբով՝ տարածաշրջանը՝ կայանալու որպես ինքնիշխան և բարեկեցիկ շրջան։
Նա նաև հավելեց, որ այսօր, օգոստոսի 8-ի համաձայնությունների և դրանից բխող գործողությունների շնորհիվ, Հայաստանը գտնվում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային և ամենախոստումնալից շրջանում։
Անդրադառնալով բանակցային գործընթացի բնույթին՝ վարչապետը նշեց, որ նախորդող շրջանում ցանկացած առաջարկ, որը կարող էր հանգեցնել որևէ հարցի լուծման, իրականում ավելի էր սրում Հայաստանի իրավիճակը։ Նրա խոսքով՝ այդ լուծումները չէին լինելու Ղարաբաղի հարցի լուծումը, այլ Հայաստանի հարցի լուծումը։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ղարաբաղի հարցը, իր տեսակետով, 1996 թվականին արդեն ավարտված էր, սակայն այդ մասին Հայաստանին երբեք չի հայտարարվել։