Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերջին շաբաթներին հայտնվել է իր թեմի քահանաների և ամերիկյան հայ համայնքի ճնշման ներքո։
Ըստ տեղեկացված աղբյուրների՝ արքեպիսկոպոսի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել, որը դրվել է երկընտրանքի առջև։ Նրան առաջարկվել է կամ շարունակել հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կամ հրաժարվել իր թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ դրա մասին նամակ ուղարկելով։
Այս ճնշումներից հետո Հովնան արքեպիսկոպոսը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ի ընթացքում կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում։
Հիշեցնենք, որ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պատկանում է Նիկոլ Փաշինյանին կողմնորոշված 10 եպիսկոպոսների խմբին։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին և կոչ էին արել չեղարկել այն։
Այնուամենայնիվ, Հովնան արքեպիսկոպոսը չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի կողմից ստեղծված Եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Տեղեկացված աղբյուրների համաձայն՝ նրա դիրքորոշման փոփոխությանը աջակցել են և համառ ջանքեր են գործադրել ներկայիս և նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։