Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ հատկապես կարևորելով բնապահպանության և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության խորացումը։
Կողմերը մանրամասն քննարկել են 2021 թվականին ստորագրված՝ կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Այս փաստաթուղթը հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար՝ ուղղված կլիմայի դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի գնահատմանը և աղետների կառավարման համակարգերի բարելավմանը, կենսաբազմազանության պահպանությանը, անտառների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, թափոնների արդյունավետ կառավարմանը և շրջանաձև տնտեսության զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ պատվիրակության՝ գլխավորությամբ նախարարի, մասնակցությանը 2025 թվականին Հռոմում կայանալիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նիստին։ Այդ նիստի ընթացքում ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների և Կունմին–Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջընթացը չափելու ցուցիչների ամբողջական փաթեթի շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարը կարևորել է փետրվարի 16-19-ը Հռոմում կայանալիք SBI-6 նիստի շրջանակում նախատեսվող՝ «Taking Action for Nature» և «Agrifood systems taking action for nature» խորագրերով բարձր մակարդակի միջոցառումները։
Վերջում կողմերը դիտարկել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ՝ Իտալիայի փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները։