Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության կարևորությունը։
Նրա խոսքով՝ այս համաձայնությունը հիմք է հանդիսանում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաղորդակցությունների բացման համար, այլև ստեղծում է նոր հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։
«Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը անցնում է աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ։ Համատեղ մենք խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին»,- նշել է նախարարը։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկը» նախաձեռնությանը՝ որպես խաղաղության և տնտեսական զարգացման հարթակ։
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Նա ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը, Enterprise Armenia-ի տնօրեն Գոհար Աբաջյանը, ինչպես նաև դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։