Դեկտեմբերի 12-ին ես՝ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, ընդունել եմ Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի աճի և աշխատատեղերի զարգացման նոր քաղաքականության գործառնության առաքելության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում ողջունելով պատվիրակությանը՝ նշել եմ ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների կարևորությունը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը և առաջընթացին։
Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը ներկայացրել է առաքելության նպատակը, որը բարեփոխումների շրջանակի սահմանումն է նոր ծրագրի գործարկման համար։ Նա նաև ներկայացրել է ակնկալվող արդյունքներն ու ծրագրի իրագործման հիմնական փուլերը։
Մենք քննարկել ենք Հայաստանի համար նախատեսվող նոր ծրագրի մշակմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առցանց մասնակցությամբ իր դիտարկումներով հանդես է եկել նաև ՀԲ թվային զարգացման մասնագետ Հիմմատ Սինգ Սանդհուն։
Ծրագիրը կենտրոնանալու է մրցակցության, ներդրումների և տնտեսական աճի, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը խթանող համապատասխան բարեփոխումների ուղղությամբ ՀԲ օժանդակությանը։
Մեր քննարկումները ներառել են ծրագրի ընթացքը, Հայաստանի թվային օրակարգի հիմնական առաջնահերթությունները, պետական ծառայությունների թվայնացմանը, թվային ներառականության ապահովմանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև կապի ու ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադարձել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերին՝ ներառյալ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը։
Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև ներկայացված ծրագրով համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության և համապատասխան նախաձեռնությունների ներառման ուղղությամբ։