ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կիբեռտարածության և թվային քաղաքականության գրասենյակի, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ կիբեռանվտանգության ծրագրեր իրականացնող MITRE և CRDF կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերը։ Կողմերը մանրամասն քննարկեցին պետական համակարգի պաշտպանվածության բարձրացմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունները, ինչպես նաև արդարադատության ոլորտում իրականացվող թվայնացման ծրագրերը։
Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ ընդգծելով, որ կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից։ Ամերիկյան կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին մասնագիտական փորձաքննության, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման ոլորտներում։