ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսի և Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մանրամասն քննարկեցին համագործակցության խորացման հնարավորությունները կիբեռանվտանգության, սննդի անվտանգության, լավ կառավարման և թվայնացման ոլորտներում, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում։
Դավիթ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և դրանց կյանքի կոչման հետ կապված տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։