ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանի հետ։
Հանդիպման ընթացքում նախագահը շնորհավորել է Արամազդ Ղալամքարյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ապագա աշխատանքներում։
Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է կոմիտեի գործունեության ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը։ Նա ընդգծել է, որ ջրային ոլորտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և այս ոլորտում առկա են մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կենսական անհրաժեշտություն է։
Վահագն Խաչատուրյանը կարևորել է կոմիտեի հետևողական և համակարգված աշխատանքը՝ ընդգծելով ջրային ռեսուրսների պահպանության, դրանց արդյունավետ կառավարման և կայուն օգտագործման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ ջրային ոլորտի բարեփոխումները հանդիսանում են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա հեռուստամարաթոնի առանցքային նպատակներից մեկի՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, դրա ռազմավարական նշանակությունը և ջրամատակարարման համակարգի անվտանգության բարձրացմանը վերաբերող ակնկալիքները։
Հանդիպման ավարտին նախագահը նորանշանակ նախագահին հանձնարարել է ապահովել ընթացիկ ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ հասկանալով դրանց կենսական կարևորությունը երկրի համար։