Հասարակության մեջ ընդունված է, որ առնվազն մտավորականությունը պետք է ունենա որոշակի անկախություն, ինքնուրույնություն և մտահորիզոնի լայնություն։ Նրանք, ովքեր համարվում են մտավորական, պետք է ունենան կենսագործունեության և հանրային վարքի որոշակի չափանիշներ, «կարմիր գծեր», տաբուներ՝ առնվազն իրենց ներսում։
Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե կուզեք՝ «նախկինների ժամանակ», այդ առումով ամեն ինչ իր տեղում է եղել նույն մտավորականության առումով։ Նրանց մի մասը նախընտրել է պետական պարգևներ, կոչումներ, առանձին դեպքերում՝ ինչ-որ պաշտոն ստանալ, մի խոսքով՝ «կոմֆորտ զոնա» պոկել ու հարմարավետ ծվարել այդ անկյունում, որ իրենց «ձեռք չտան», ոչ մեկն իրենցից ոչինչ չպահանջի։
Ի դեպ, ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին։ Չնայած, դրան էլ մեր հանրության գիտակից հատվածը կարող է մի կերպ դեռ դիմանալ։ Բայց այն, ինչ կա ու կատարվում է հիմա, ուղղակի նողկանք է հարուցում։ Վանում է ու բերում զարմանքին միախառնված ափսոսանքի զգացողություն։
Չէ, իսկապես, հոգեմտավոր «չեռնոբիլի» տպավորություն է թողնում այն կերպարանափոխությունը, որին ենթարկվել են, այսպես կոչված, մտավորականության մի շարք ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական իշխանության պայմաններում ու գուցե նաև պահանջներով։ Ոչ միայն քիչ չեն նրանք, որ քսմսվում են իշխանությանը, քծնում են Փաշինյանին ու նրան առնչվող անձանց, խոնարհվելով ձեռք են սեղմում՝ հաճկատար ժպտադիմակ հագած, այլև այդ ամենն անում են ամենից էժան, անմակարդակ, հանրությանը սադրող, հանրային կարծիքն արհամարհող, մարդկանց ազգային արժանապատվությունն ու ինտելեկտը վիրավորող եղանակներով։
Օրինակների հետևից, ցավոք, պետք չէ շատ հեռուն գնալ։ Ահավասիկ, մեկը, ինքզինքը երևի բարձրակարգ «Կարաբաս-Բարաբաս» երևակայելով, հայտարարում է, թե Հայ առաքելական եկեղեցու հանիրավի դատապարտված արքեպիսկոպոսին պետք է ճիպոտահարել կամ գանահարել։ Փայտածեծ անել։ Այսինքն, անձը, որ տնեցիների շրջանում երևի մտավորական է համարվում, որ մի ամբողջ մշակութային օջախի ղեկավար է, իշխանական քարոզչամիջոցով հայտարարում է, թե հայ հոգևորականին պետք է հրապարակային ճիպոտահարման ենթարկել։ Սա նորմալ է, թե՞ աննորմալություն։ Ու նույնպիսի աննորմալությ՞ւն չէ, որ դերասանություն անելով «հավատացյալ» ցուցադրվող իշխանության շարքերում՝ չի գտնվում ադեկվատ գոնե մի կես մարդ, որ սաստի նման «մտավորականին», թե՝ «սո՛ւս, էս ի՞նչ ես ասում, մեզ ես խայտառակում…»։ Հակառակը՝ հրճվում են, ծափ են տալիս։ Հա, ասում է՝ կատակ եմ արել, հումոր եմ արել։ Որևէ մեկը չի կասկածում, չէ, որ նման մի «հումոր» անելու համար որևէ շարքային քաղաքացու վաղուց բանտ էին նստեցրել, եթե այդ «հումորը» վերաբերեր իշխանությանն ու մասնավորաբար ՔՊ ղեկավարին։
Մեկ ուրիշը՝ ոչ պակաս խոշոր մշակութային օջախի ղեկավար, փրփրաբերան նետվում է պաշտպանելու իր եղբորը՝ հայտարարելով, թե Մայր Տաճարի վրա փաշինյանական հարձակման ժամանակ իր ազգականը ոչ մի վատ բան չի արել, իսկ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի մարմարե շիրմաքարը կոխկրտում էր, որպեսզի… օդ շնչի, օդափոխվի։ Ի՞նչ օդ շնչի։ Դուք ո՞ւմ եք ձեռք առնում։ Այսինքն, մեկը, որ իր հակահասարակական, եթե չասվի՝ վանդալիզմով զուգորդված ակնհայտ խուլիգանական պահվածքով ինֆարկտի հասցրեց մեր եկեղեցու հարգված հոգևորականներից տեր Վրթանես քահանային, այդ կերպ… օդափոխվո՞ւմ էր։ Որ իրենք իրենց անցավորների գերեզման են գնում, նույն կերպ են «օդափոխվո՞ւմ»։
Լավ, էս ո՞ւր եք հասել ձեր անկման մեջ։ Այս խորհրդածությունների պահին մեկ էլ՝ հո՛պ, լրահոսում հայտնվում է Փաշինյանի ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվությունը, թե այսպես ու այսպես՝ «ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Արա Բագրամյանը…»։ Ի՞նչ էլ կարող էր լինել։ Ի՞նչ էլ կարող էր ավելի խորհրդածական լինել։ Ի՞նչ էլ կարող էր ավելի ցավալի լինել։ Ի՞նչ էլ կարող էր ավելի ցն