Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները, որոնք նշանավորվում են դարավոր բարեկամությամբ, վերջին տարիներին հասել են ռազմավարական նոր մակարդակի։
Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ Ռանդհիր Ջայսվալի, երկու երկրների միջև համագործակցության հիմքում ընկած է պատմական խորը կապ, որը դիտարկվում է ոչ միայն երկկողմ գործընկերության, այլև մշակութային և ժողովրդական կապի տեսանկյունից։
«Մեզ միավորում են դարերի և հազարամյակների շփումները», – նշեց Ջայսվալը՝ նկարագրելով երկու երկրների միջև եղած հատուկ զգացողությունը։ Նա հիշեց 1995 թվականի դեկտեմբերի իրադարձությունը, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախությունից հետո իր առաջին այցի ժամանակ, իջնելով Նյու Դելիի օդանավակայանի աստիճաններից, համբուրեց հնդկական հողը։ «Նա ասաց. «Այս հողն այնքան յուրահատուկ է մեզ համար»։ Եվ այսպես, կարող եմ ասել, որ մենք կիսում ենք նույն զգացողությունը», – նշեց պաշտոնյան։
Ջայսվալի խոսքով՝ Հնդկաստանը դիտարկում է այս հարաբերությունները ոչ թե երկկողմ կամ տարածաշրջանային տեսանկյունից, այլ որպես մշակութային, ժողովրդների միջև ուժեղ կապի արտահայտություն։ «Այս հարաբերությունները պատմական խորություն ունեն։ Եվ հենց դա է դրանք դարձնում այդքան յուրահատուկ», – ընդգծեց նա։
Հնդկաստանը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և ցանկանում է ամրապնդել այդ կապերը։ Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ երկու երկրների միջև ամուր կապեր են գոյություն ունենում քաղաքական, պաշտպանական և տնտեսական ոլորտներում։ Հնդկաստանը աջակցում է Հայաստանին՝ նպատակ ունենալով տեսնել երկրի հետագա բարգավաճումը։