Հայաստանը հանձնառու է զարգացնելու և խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ։ Այս մասին ասացել է Հայաստանի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը դեկտեմբերի 10-ին Իռլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղություններն ու նախաձեռնությունները։
Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերջերս այցելել է Իռլանդիա և Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջոն Բրեյդիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Նա տեղեկացրել է, որ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի այցը Հայաստան նախատեսվում է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ 2025 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Նրա խոսքով՝ հույս կա, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո գործընթացն առավել ակտիվ շարունակություն կունենա։ Գաբրիելյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Նա նաև ընդգծել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Իռլանդիայի համագործակցության հետագա զարգացումը կարևոր նախադրյալներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փորձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունների սերտացմանը կարող է զգալիորեն նպաստել նաև Իռլանդիայից Հայաստան ուղիղ չվերթերի բացման հնարավորությունը։
Մերի Գալստյանը կարևորել է Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա նաև կարևորել է Իռլանդիայի հետ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում, խոսել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, իրականացվող աշխատանքների մասին։
Քեթրին Բեննոնը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների խորհրդարանական գործընկերների այցը կբացի նոր հնարավորություններ՝ խորացնելու երկկողմ կապերը, հատկապես՝ խորհրդարանական հարթակում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը։
Քննարկվել են Իռլանդիայի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին։