Հայաստանի ներկայիս իշխանությունները 2025 թվականին շարունակում էին իրականացնել արտաքին քաղաքական օրակարգ, որը թելադրվում էր դրսից, իսկ ներքին քաղաքականությունը նպատակ ուներ հնարավորինս կոտրել ցանկացած դիմադրողականություն, որը կարող էր ձևավորվել Հայաստանի ներսում և խոչընդոտել այդ արտաքին պատվերների կատարմանը։ Այս տեսակետը հայտնում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ «Փաստ»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանը գրեթե լիովին մտավ արտաքին կառավարման տակ։ Ըստ Հակոբյանի՝ արտաքին կառավարման հիմնական օպերատորը, որն իրականացնում է այս կառավարումը Հայաստանի իշխանությունների միջոցով, Ադրբեջանն է։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը միայնակ է այս գործընթացում։ Թուրքիան, Մեծ Բրիտանիան և մյուս արտաքին խաղացողները իրենց ազդեցությունը Հայաստանի վրա իրականացնում են Ադրբեջան օպերատորի միջոցով։
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի ներքին օրակարգը ամբողջությամբ ուղղված է արտաքին այդ պատվերների սպասարկմանը՝ ստեղծելով անխոչընդոտ դաշտ արտաքին կառավարման նպատակները իրականացնելու համար։ Նա որպես օրինակներ բերում է մի շարք իրադարձություններ և քաղաքական որոշումներ։
Կալանավորումներ և ռեպրեսիաներ՝ ուղղված են դիմադրողականության կոտրմանը։
Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքրիստոնեական արշավ՝ նպատակ ունի խաթարել հայկական ինքնության հիմքերը։
Արցախի հարցի փակումը՝ Մինսկի խմբից հրաժարվելու մակարդակով, և Հայոց ցեղասպանության օրակարգից փաստացի հրաժարումը՝ ցույց են տալիս ազգային ինքնության վերջնական հալածանք։
«Իրական և պատմական Հայաստանի» միջև արհեստական դիսկուրսի ձևավորումը՝ ուղղված է հայկական հասարակությանը բաժանելուն։
«Կրթությունը նորաձև է» նախագծի իրականացումը՝ որպես հայ մարդու վերաձևավորման և «ուղեղի լվացման» ծրագիր։
Հակոբյանի կարծիքով՝ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության համար ստրատեգիական, գոյաբանական խնդիր են։ Նա նշում է, որ Հայաստանը քաղաքագիտական սահմանումներով «failed state» է, քանի որ ինքնուրույն չի տնօրինում ո՛չ իր անվտանգությունը, ո՛չ իր տնտեսական քաղաքականությունը։ Ըստ նրա՝ իշխանությունները նպատակաուղղված ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կախված լինի իր հակառակորդներից՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Նա հատկապես ընդգծում է, որ ադրբեջանական նավթի ներմուծման հետ կապված նախագծերը ևս ավելի մեծ կախման մեջ են դնում Հայաստանի գոյաբանական և սոցիալ-տնտեսական վիճակը։
Քաղաքագետը կարծում է, որ 2026 թվականի ընտրությունների ճակատագիրը կախված է ընդդիմության ռեսուրսներից և վարքագծից, քանի որ իշխանության ռեսուրսը գտնվում է ստագնացիայի մեջ։ Նա կոչ է անում ընդդիմությանը կազմակերպվել և հանդես գալ խոշոր միավորումներով՝ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացումը թույլ չտալու համար։