Որպես շրջակա միջավայրի նախարար, ես մասնակցել եմ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի (UNEA-7) 7-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկմանը, որը տեղի էր ունենում «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրի ներքո։
Այս կարևոր միջոցառման ընթացքում ես ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկել ելույթով, որտեղ ընդգծել եմ մեր երկրի ռազմավարական առաջնահերթությունները։
Հայաստանի համար շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմումը և երկրի դիմակայունության բարձրացումը ոչ միայն կարևոր, այլև ռազմավարական առաջնահերթություններ են։ Մենք ձևավորում և իրականացնում ենք մի շարք ռազմավարական և ինստիտուցիոնալ լուծումներ՝ ուղղված այդ նպատակների հասնելուն։
Միակողմանի լուծումներ այս համաշխարհային մարտահրավերի դեմ չեն կարող գոյություն ունենալ։ Որևէ երկիր չի կարող միայնակ ապահովել շրջակա միջավայրի կայունությունը։ Հետևաբար, գլոբալ համագործակցությունը և համերաշխությունը վճռորոշ են այս գործընթացում։
Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը։ Այս միջոցառումը կլինի կարևոր հարթակ՝ գնահատելու Կունմին–Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումն ու ձևավորելու դրա նպատակներին հասնելու հետագա ուղիները։
Մենք հաստատում ենք մեր երկրի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը միջազգային ջանքերին՝ ուղղված մոլորակի կայունության և մեր բնական հարստությունների պահպանմանը։