Հոկտեմբերի 31-ին «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը Գլխավոր դատախազություն էր ներկայացրել հաղորդում՝ վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հովհաննավանքում կազմակերպված ծեսի, ինչպես նաև իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ վերոնշյալ վայրի բռնազավթմանը, որի հետևանքով խաթարվել էր տեղում նշանակված քահանաների հոգևոր ծառայությունը և ընդհանուր առմամբ խոչընդոտվել էր Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։
Ըստ միավորման ներկայացուցիչների, տեղի ունեցածը համապատասխանում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ (հասարակական կարգի խախտում) և 441-րդ (բռնի գրավում) հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։
«Փաստ» թերթը դիմել է գլխավոր դատախազություն՝ պահանջելով տեղեկացնել հաղորդման ընթացքի մասին։ Ստացված պատասխանում նշվում է, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել, որը հաստատվել է դատախազի կողմից»։
Հարկ է նշել, որ նմանատիպ հաղորդում «ՀայաՔվեն» նախկինում՝ հուլիսի 8-ին, նույնպես էր ներկայացրել։ Այդ ժամանակ էլ դատախազությունից ստացվել էր գրեթե նույնական պատասխան՝ այն տարբերությամբ, որ նախորդ դեպքում որոշման հիմքը նշվել էր (173-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ այս անգամ նույնիսկ դրա նշելու անհրաժեշտություն չէին համարել։