Այսօր՝ Կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության շրջանակում ներառված քաղաքացիության կոնցեպտի հարցերով։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են քաղաքացիության ոլորտում առկա հիմնախնդիրները և նախատեսվող բարեփոխումները։ Զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առկա միտումները։ Մանրամասն քննարկվել են իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերը։
Քննարկման կենտրոնում եղել է քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների և քայլերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։ Հանդիպման մասնակիցները փոխանակվել են մտքեր՝ քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և տվել համապատասխան հանձնարարականներ պատասխանատու պաշտոնատար անձանց։