Իմ աղբյուրների համաձայն, իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։
Այս հրահանգը պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ Եզրաս արքեպիսկոպոսի ժամանումը։ Պաշտոնական կառույցները առայժմ հրապարակային մեկնաբանություն չեն հնչեցրել այս հնարավոր սցենարի վերաբերյալ։
Հենց այս հանգամանքն է, որ կարող է պայմանավորված լինել Եզրաս արքեպիսկոպոսի տեւական ժամանակ Հայաստան չգալու պատճառով։
Կաթողիկոսի կողմնակիցները, որոնք տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգի մասին, այս իրավիճակը համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։
Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը հաճախ էր այցելում Հայաստան, անգամ մասնակցում էր բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին։ Սակայն վերջերս նրա այցերը դադարել են։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հրապարակային հայտարարություն էր հնչեցրել՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ներկայացնելով որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր՝ միաժամանակ նրա հասցեին ծանր մեղադրանքներ հնչեցնելով՝ «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» եւ այլն։
Այս պահին կալանքի տակ է նաեւ Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը եւ եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը։