Այն, որ երկրի բնակչության մեծ մասի ֆինանսները ռոմանսներ են երգում, մեր ընթերցողները մեզանից ոչ պակաս տեղյակ են: Փոխարենը փթթում են իշխանավորներն ու նրանց մերձավորները, որոնք, այսինքն՝ նրանք էլ ռապսոդիաների տրամադրության մեջ են, քանի որ եկամուտներն ու շահույթները անշեղորեն և անդադար աճում են: Հասկանալի է՝ «հպարտ» ու «հերոս» հարկատուների հաշվին: Ժողովրդի հաշվին:
Հասկանալի է՝ գնալով ավելի ու ավելի ընդգծված է դառնում սոցիալական բևեռացվածությունը: Հանգամանք, որ պարբերաբար ընդգծվում է անգամ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի վերաբերյալ հաշվետվություններում, որոնք այնքան էլ ընդունված չէ հանրորեն քննարկել:
Բայց հարցը զուտ «դասակարգային» հակադրությունը չէ: Երկրները, սովորաբար, հենց դրա համար էլ ունենում են կառավարություններ, որ փորձեն լուծել նման խնդիրները, վարեն այնպիսի քաղաքականություն, որ բևեռացվածությունը մեղմվի, աղքատությունը նվազի, եկամուտների արդար վերաբաշխում իրականացվի և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարությունը: Զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմով, հոգևորականներին հալածելով կամ «իրենով անելով», խոշոր գործարարի ու բարերարի բանտարկելով, ՀԷՑ-ը խլելով: Մի խոսքով՝ զբաղված է, բացի նրանից, ինչով պետք է զբաղվեր:
Հա, էլ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունը. բավական է՝ մեկը Փաշինյանին և նրա կառավարությանը հիշեցնի իրենց բուն ու անմիջական պարտականությունների մասին, հիշեցնի իրենց ահռելի աշխատավարձերի ու աստղաբաշխական պարգևավճարների մասին, նաև այն մասին, որ իրենցից բացի այլ մարդիկ էլ են ապրում Հայաստանում, նաև անմիջապես «խաչակրաց արշավանք» է սկսվում:
Այ, «ՀայաՔվե» նախաձեռնությունը, մասնավորապես այդ նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով ու պահանջով՝ կենսաթոշակները առնվազն 50 տոկոսով բարձրացնելու մասին: Մարդիկ հանգամանորեն հիմնավորում են պահանջը, նշում հնարավոր աղբյուրներն ու տարբերակները, որոնցով կարելի է այդ քայլն անել:
Ու՝ ի՞նչ: Նորմալ, բանիմաց կառավարությունը կհրավիրեր, օրինակ՝ իր կողմից էլ մի աշխատասենյակ ու փորձագետներ կտրամադրեր, կասեր՝ եկեք, նստեք, քննարկեք, աշխատեք, համոզիչ մի հայտարարի եկեք, տեսնենք, թե ինչ կարելի է անել:
Հա, բայց դա՝ նորմալ կառավարությունը կամ իշխանությունը: Փաշինյանի իշխանության ու կառավարության դեպքում դա բացառվում է: Կառավարության և իշխանության ներկայացուցիչները մի այլ կարգի բորբոքվածությամբ դիմահար «սվինամարտի» են նետվում «ՀայաՔվեի» ու նշյալ առաջարկության վրա:
Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները չի կարողանալու շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել: Սա առաջին դեպքը չէ: Նախկինում էլ նա հայտարարել էր, թե կենսաթոշակները բարձրացնելու դեպքում ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չի ստանա: Նիկոլ Փաշինյանի սոցիալական նախարարն էլ ասում է՝ կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Է, որտեղի՞ց լինի: Բա իրենք ինչպե՞ս ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, բա ինչպե՞ս աջուձախ անիմաստ ծախսեր անեն… Բայց պարզվում է՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար փող կա, ու Փաշինյանը դա կանի ընտրություններից առաջ, չնայած որոշ ժամանակ առաջ ասում էր, թե «որոշումը կա, բայց վախենում ենք բարձրաձայնել»: Ինչ էլ վախեցող են, է…
Այսինքն, հենց բանը հասնում է ժողովրդի սոցիալական կարիքներին, առհասարակ՝ սոցիալական հարցեր լուծելուն, հա, ու նաև՝ պաշտպանական ծախսերին, Փաշինյանն ու ՔՊ-ն, պատկերավոր ասած, վերածվում են հեռուստաէկրանային հայտնի հակահերոս Լացկանյանների: Մի խոսքով՝ սոցիալական «ռեքվիեմի» իշխանություն-կառավարություն:
Մյուս կողմից՝ երբ օրենքի պահանջով մի 1000 կամ 2000 դրամ ավելացնում են կենսաթոշակի գումարը, այնպիսի աղմուկ են դնում, որ էլ ասելու չէ: Առհասարակ, ամենամյա ավելացումների հարցը դեռ «նախկինների» ժամանակ ամրագրված նորմ է՝ թոշակի չափը ինդեքսավորելու, այսինքն՝ գների աճի ազդեցությունը մեղմելու նպատակով: Առավել ևս, որ Հայաստանում կենսա