Հաճախակի լսվում է այն թեզը, թե ներկայիս իրավիճակը պետության և Եկեղեցու միջև պայքարի արդյունք է, որտեղ իշխանությունները փորձում են հաստատել պետության գերակայությունը։ Սակայն այս տեսանկյունից դիտարկելով հայկական իրականությունը, պետք է հասկանալ, որ պատմության ընթացքում Եկեղեցին միշտ ավելին է եղել, քան պարզապես կրոնական կառույց։
Երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված էր պետականության հնարավորությունից, հենց Հայաստանի Եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդին համախմբող և նրա հավաքականությունը պահպանող դերը՝ իր վրա վերցնելով այն գործառույթները, որոնք սովորաբար կատարվում են պետականության կողմից։ Թուրքական սուլթաններն ու պարսից շահերը նույնիսկ պատկառանքով են վերաբերվել մեր Եկեղեցուն՝ հարգելով նրա իրավունքները և հաշվի առնելով հայ ժողովրդի կրոնական նախընտրությունները։ Եթե Եկեղեցին չունենար իր պատմական դերը, հայ ժողովուրդը, պետականություն կորցնելուց հետո, հավանաբար երբեք չէր կարողանա վերականգնել իր անկախությունը։
Այս համատեքստում այն պնդումը, թե ներկայիս իրավիճակը պետության և Եկեղեցու հակադրություն է, կեղծ թեզ է։ Խոսքը ոչ թե պետության, այլ որոշակի ժամանակահատված կառավարող իշխանության հետ է, իսկ իշխանությունը երբեք չի կարող նույնականացվել պետության հետ։ Պետությունը մնայուն արժեք է, իսկ իշխանությունները փոխվում են, ինչպես նաև փոփոխվում է նրանց քաղաքականությունը։
Հենց այս կեղծ թեզի ներքո է առաջարկվում, որ եկեղեցիներում հնչի Հայաստանի օրհներգը։ Այս պնդումը հիմնավորվում է այն պնդմամբ, թե Եկեղեցին հիմնվել է պետության կողմից՝ 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո։ Սա ոչ միայն պատմականորեն սխալ է, այլև առաջացնում է մի շարք հարցեր՝ հաշվի առնելով իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը։
Գործող իշխանությունները հայտնի են նրանով, որ պայքար են մղում հայ ժողովրդի պատմության և ժառանգության դեմ։ Սա դրսևորվում է ինչպես դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմության» առարկան հանելով, այնպես էլ «Հայոց պատմությունը» խեղաթյուրելով և վերախմբագրելով՝ այն դարձնելով «Հայաստանի պատմություն»։ Ավելին, նոր դիսկուրս է շրջանառության մեջ դրվել «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» երկընտրանքի տեսքով, ինչը նշանակում է մեր պատմությունից, ակունքներից հրաժարվել և ամեն ինչ սկսել նոր էջից։
Այս ուղղությամբ իշխանության կողմից ամենաբարձր մակարդակով դաշտ են նետվել կոնկրետ թեզեր։ Քննադատվել են ինչպես զինանշանը, այնպես էլ օրհներգը։ Նշվել է, թե զինանշանը պիտի փոխվի, քանի որ այն պատկերում է բիբլիական Արարատը, որը հայ ժողովրդի պատմական խորհրդանիշ է։ Հայտարարվել է, թե զինանշանի վրա ի՞նչ գործ ունեն հայոց թագավորությունների խորհրդանիշները՝ առյուծի, արծվի տեսքով։ Ըստ երևույթին, նպատակն է հայոց պետականության պատմական կապը կտրելը։
Սակայն իրավիճակի երկդիմությունը նրանում է, որ իշխանությունը մի կողմից հրաժարվում է «պատմական Հայաստանի» հայեցակարգից, բայց մյուս կողմից էլ խորասուզվում է դրա պատմական պահերի մեջ՝ ներկայացնելով մեր պետականության շղթայական կապը։ Սա ցույց է տալիս իշխանությունների վարած քաղաքականության երկվությունը. երբ իրենց ձեռնտու է, ապա կարող են հղում կատարել անցյալին, իսկ երբ խոսքը վերաբերում է պատմական արդարությանը, ապա դա մերժելի է։