ՀՀ կառավարության աղբյուրների տեղեկատվությամբ՝ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ԱՄՆ-ի ճնշումների ներքո, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Անկարայի նոր առաջարկները։
Առաջին առաջարկը վերաբերում է սահմանի բացմանը։ Ըստ պլանի՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ինչպես նշվում է, Թուրքիան պատրաստ չէ բեռների համար սահմանը բացել։
Որպես միջանկյալ քայլ՝ որոշվել է փոփոխություն կատարել բեռափոխադրումների փաստաթղթավորման համակարգում։ Այսուհետ Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան մուտք գործող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետը կնշվի Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես դա նախկինում պարտադիր էր։
Այլևս մեկ պահանջ էլ ներկայացվել է՝ կապված երկկողմ հարաբերությունների հաստատման հետ։ Թուրքիան մշակել է արձանագրություն, որը պարտադիր պայման է դարձրել ստորագրելու համար։ Այնուամենայնիվ, Անկարան պահանջում է, որ այդ փաստաթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ավանդական դիվանագիտական պրակտիկայի՝ նման փաստաթղթերը ստորագրվում են արտաքին գործոց նախարարների մակարդակով, սակայն թուրքական կողմը, ինչպես նշվում է, փորձում է իջեցնել ՀՀ իշխանությունների կարգավիճակը։
Ավելի լարված իրավիճակ է ստեղծվել երկաթուղու շինարարության հարցում։ Թուրքական կողմը պահանջել է, որ Հայաստանը շտապ կարգով սկսի երկաթուղու շինարարությունը Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսավորման համար միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ ծախսերը դնել Ռուսաստանի վրա՝ օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը։
Այս հարցի շուրջ բանակցությունները, ինչպես հաղորդվում է, օրեր առաջ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի հիմնական պատճառն էին։ Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետին հաջողվել է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այդ հատվածները կառուցվեն Ռուսաստանի միջոցներով։ Բնականաբար, Ռուսաստանն էլ իր հակընդդեմ պահանջները կամ պայմանները ներկայացրել է, որոնց հարցում Փաշինյանի համաձայնությունը ստացվել է։