Թուրքիայի Ազգային ժողովում ելույթ ունենալիս արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ըստ նրա՝ 2025 թվականին այս գործընթացը իրականացվել է համակարգված կերպով՝ Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակում։ Նա խաղաղության ձեռքբերումը որակել է որպես «պատմական հնարավորություն»։
«2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և կողմերին խրախուսելու օգտվել այս պատմական հնարավորությունից», – ասել է Հաքան Ֆիդանը։
Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2025 թվականին համագործակցության հետագա խորացմանը մեծ ներդրում են ունեցել երկու երկրների նախագահների միջև փոխադարձ այցելությունները։
«Հարավային Կովկասում, որի հետ մենք ունենք պատմական և մշակութային կապեր, 2025 թվականին տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ։ Մեր եղբայրական և դաշնակից երկրի՝ Ադրբեջանի հետ մեր բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները շարունակվում են բարձր մակարդակի փոխադարձ շփումների շնորհիվ, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցելությունների շնորհիվ», – հավելել է նախարարը։