Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կենտրոնանալով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա։
Իր խոսքում Վահան Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է երկու կողմերի միջև գործընկերության նոր, ավելի հավակնոտ նպատակներ։ Այս նպատակներն ընդգրկում են ոչ միայն տնտեսական ոլորտը, այլև անվտանգության և կիբերանվտանգության հարցերը։
Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է ԵՄ արևելյան քաղաքականության և տարածաշրջանի քաղաքական դինամիկայի փոփոխություններին՝ ընդգծելով Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացումը կարևորագույն խնդիր է։
Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը նաև անդրադարձել է ԵՄ Սևծովյան տարածաշրջանի նոր ռազմավարությանը՝ նշելով, որ 2027 թվականից հետո համագործակցության հիմնական շարժիչ ուժը տնտեսական հենասյունը կլինի։ Նա միաժամանակ շեշտել է, որ տնտեսական նախաձեռնությունների և փոխկապակցվածության ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել ԱլԳ (Արևելյան գործընկերության) արժեքները՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը։