Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական։
Օրակարգում հիմնական հարցերն են Արցախի ինստիտուտների պահպանման եւ վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունների քննարկումը։
Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ, թեև Նիկոլ Փաշինյանը ձգտում է «Արցախ» անվան դուրսբերումը Հայաստանի քաղաքական դաշտից, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում հետեւել նրա օրակարգին։ Այս դիրքորոշումը դրսեւորվել է նաեւ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը հրաժարվեց իր պաշտոնավարումը երկարաձգելու իրավունքից, եւ այն բանից հետո, երբ Փաշինյանի քաղաքականությանը կողմնակցություն է արտահայտել նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։