Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով կազմակերպված «մի Գազել» հոգևորականների քաղաքական ակցիան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պարզապես ձախողված էր։ Թեև քաղաքական կուսակցության անդամներն ու նրանց կողմնակիցները փորձում են ներկայացնել իրենց գործողությունը որպես հաջողություն՝ հիմնվելով այն փաստի վրա, որ «տասը տիրադավներին» հաջողվեց ընթերցել իրենց պահանջը, իրականությունը շատ ավելի տարբեր է։
Փաստն այն է, որ այդ պահանջը նրանք կարդացին հարյուրավոր ուժայիններով և քպականների «շրջիկ խմբակով» շրջապատված՝ փորձելով ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա։
Մյուս կողմից՝ Մայր Աթոռում անցկացված ժամերգությանը մասնակցած քաղաքացիների թիվը, ըստ իմ աղբյուրների, լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական կուսակցությանը։ Թեև իշխանական կառույցների կողմից տարածվում են «հաշվարկներ», որոնք 3-4 անգամ ուռճացնում են «շրջիկների» քանակն ու համապատասխանաբար նվազեցնում են ժամերգությանը ներկա գտնվածների թիվը, դրանք չեն կարող թաքցնել իրական պատկերը։
Իրականում, ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10 հազար։ Իշխանությունների կողմից կազմակերպված ցուցարարների թիվը, որոնք հավաքվել էին ի աջակցություն Փաշինյանի, հասնում էր ընդամենը 250-300 մարդու, և նրանց մասնակցությունը հնարավոր դարձավ վարչական ռեսուրսների կիրառության շնորհիվ, մասնավորապես՝ մի քանի հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտության շնորհիվ։ Գումարած՝ այդ ցուցարարների մեծ մասը հայտնի է որպես Փաշինյանի հակաեկեղեցական բոլոր «հանրահավաքներին» եկեղեցուց եկեղեցի վազող անձինք։
Այս իրադարձությունները վերածվեցին թափառական շապիտո կրկեսի, որտեղ իշխանությունները փորձում էին անարդյունավետ եղանակներով՝ ակտիվ տեղաշարժերի և տարբեր սադրանքների միջոցով, ուշադրություն գրավել և ցույց տալ իբրև բազմամարդություն։ Սակայն իրականությունը հակառակն էր։