Վերջին շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունից երկու անդամ, երկու կին, հրաժարական են ներկայացրել։ Նրանք հրաժարականի իրական պատճառները պայմանավորում են անձնական հանգամանքներով և հերքում են, թե իրենց նկատմամբ իշխանությունից եղել է ավագանու նիստերին մասնակցելու պարտադրանք։
Այս իրադարձությունների ֆոնին խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ չի բացառում, որ այս իրավիճակում կարող են կիրառվել ճնշումներ։ Նրա խոսքով՝ իշխանությունները տարբեր հարթակներով հորդորում են ընդդիմությանը ներկայանալ առաջիկա նիստին, որտեղ պետք է հաստատվի համայնքի հաջորդ տարվա բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը։
Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկա նիստին նաև համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի, Մամիկոն Ասլանյանը նշել է, որ այս պայմաններում ոչ մի բան չի կարելի բացառել։ «Այս երկրում ոչ ոք ոչ մի երաշխիք չունի, քանի որ ոչինչ չի կատարվում օրենքի սահմաններում։ Ամեն ինչ կախված է կամքից, այլ ոչ թե օրենքից։ Եթե կուզեն՝ կլինի, եթե չուզեն՝ չի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ ավագանու նիստերի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված։
Ասլանյանը նաև նշել է, որ չի կարող կանխատեսել, երբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։ «Արգելանքը եղել է 4 տարի, 4 տարին անցել է, բայց ես չեմ կարող ասել, թե երբ կհանվի։ Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք։ Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, ես կառաջադրվեմ»,- եզրափակել է նա՝ նշելով, որ քանի որ օրենքով շարժում չկա, նաև իրեն չի կարող հստակ կանխատեսել իրադարձությունների զարգացումը։