Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող «ՊԱՕ Դորոգոբուժ» քիմիական ձեռնարկության վրա կատարված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Ընդհանուր տուժածների թիվը մնում է տասը։ Ավելի վաղ մարզպետ Վասիլի Անոխինը հայտնել էր չորս զոհի մասին՝ նշելով, որ նրանք բոլորը գործարանի աշխատակիցներ էին։
Ինքնաթռչող սարքերի հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 25-ի գիշերը։ Հարվածի հետևանքով վնասվել են ձեռնարկության ամոնիակի և նիտրատի արտադրամասերը, ինչի արդյունքում բռնկվել է հրդեհ։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նույն գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 69 անօդաչու սարք։ Դրանցից 14-ը խոցվել են Սմոլենսկի մարզում, որտեղ գտնվում է և «ՊԱՕ Դորոգոբուժ» ձեռնարկությունը։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունների ալիքը հիշեցրել է երկրաշարժ, իսկ ինքնաթռչող սարքերի ռմբակոծության ձայները լսվել են ամբողջ գիշեր։