Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարությունը, որում պնդվում է, թե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են Կիևին փոխանցել միջուկային զենք։
Ըստ նախագահի՝ այդ պնդումները պետք է դիտարկել որպես «քաղաքական ճնշման տարր» և բանակցային գործընթացի վրա ազդելու փորձ։ Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են լինել նաև արձագանք Եվրոպայում քննարկվող «միջուկային վահանի» գաղափարին։
Զելենսկին կրկին ընդգծել է, որ Ուկրաինան միջուկային զենք չունի։ «Ուկրաինան միջուկային զենք չունի, և դա ոչ թե պարզապես իմ հայտարարությունն է, այլ միջազգային պայմանագրերի և մեր երկրի պատմության փաստը»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Ուկրաինան նախկինում հրաժարվել է իր միջուկային զինանոցից՝ դառնալով ազատ և անկախ պետություն։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Փարիզն ու Լոնդոնը կարող են փորձել քողարկել զենքի փոխանցումը՝ այն ներկայացնելով որպես Ուկրաինայի սեփական զենքի մշակում։ Մոսկվան զգուշացրել է, որ նման քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջազգային անվտանգության համար։