Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ փորձից հաստատել է նախկին վարչապետ Դենիս Շմիգալի նշանակումը՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ նշելով, որ քվեարկությանը կողմ է արտահայտվել 248 պատգամավոր։
Ավելի վաղ խորհրդարանը չէր կարողացել հաստատել Շմիգալի թեկնածությունը։ Առաջին քվեարկության ժամանակ նա ստացել էր 210 կողմ ձայն, չորս պատգամավոր դեմ էր քվեարկել, իսկ 33-ը ձեռնպահ էին մնացել։ Երկրորդ քվեարկությունը, սակայն, հաջողությամբ ավարտվեց։
Պատգամավոր Գոնչարենկոն գործընթացը կապել է Ուկրաինայի իշխանությունների կադրային քաղաքականության հետ՝ այն որակելով անհաջող։ Նրա խոսքով՝ առաջին ձախողված քվեարկությունը ևս մեկ անգամ ցույց է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմի ներսում առկա լուրջ խնդիրները։