ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Քավեհ Զահեդիի հետ։ Հանդիպմանը ներկայացել է նաև Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Ելենը։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են կենսաբազմազանության, և հատկապես ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցերը։ Ընդգծվել է կայուն գյուղատնտեսության կարևոր դերը ագրոկենսաբազմազանության զարգացման և էկոհամակարգերի կայունացման գործում։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ունեն դրական ազդեցություն ագրոկենսաբազմազանության պահպանման վրա։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի ՊԳԿ-ի միջև գոյություն ունեցող համագործակցության շարունակական և արդյունավետ զարգացումը։