Այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են պետական համակարգի ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աշխատակիցներ, ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից մշակված Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա շնորհակալություն է հայտնել զեկույցի մշակման աշխատանքներում ներգրավված թիմին և պետական համակարգի ներկայացուցիչներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար։
Փոխվարչապետը նշել է, որ զեկույցը հաստատում է վերջին տարիներին Հայաստանում գրանցված էական առաջընթացը։ «Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ մենք կարող ենք հպարտորեն նշել, որ ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով ձեռք ենք բերել զգալի հաջողություններ»,- ասել է նա։
Մհեր Գրիգորյանը կարևորել է, որ այս գնահատումը կատարվել է այն նույն մեթոդաբանությամբ և չափանիշներով, որոնցով են գնահատվում ԵՄ հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները։ Նրա խոսքով՝ պետական համակարգի արդիականացումը հայտնի է որպես բոլոր քաղաքականությունների հիմնասյուներից մեկը։ «Առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության մենք չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- ընդգծել է փոխվարչապետը։
Նա հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմնվելով այս զեկույցի առաջարկների վրա։ Գերակայություններից որպես առանձնացվել են քաղաքականությունների որակի շարունակական բարձրացումը, ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ կիբեռանվտանգության լավագույն ստանդարտներին համապատասխան և հանրային ծառայության գրավչության ու կոմպետենտության բարձրացումը։
Փոխվարչապետը խոսքը ավարտել է հույս հայտնելով, որ բարեփոխումների այս ճանապարհը կանցնենք միասին՝ ի շահ Հայաստանի զարգացման ու հասարակության բարեկեցության։ Միջոցառումը շարունակվել է թեմատիկ քննարկումների ձևաչափով։