Այսօր Աթենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի միջև հանդիպում։
Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է զրուցակցին ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների մասին։
Քննարկվել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի հնարավորությունները։ Ընդգծվել է այդ նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության և խաղաղության ամրապնդման գործիք։
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը և ICBSS-ի տնօրենը քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում երկու կառույցների միջև համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները փոխանակվել են նաև մտքեր տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին առնչվող մի շարք հարցերի շուրջ։