ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ողջունում է Օմանի ազգային թանգարանի պատվիրակության այցը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իր տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Օմանի պատմամշակութային ժառանգությունը և դարերով ձևավորված փոխադարձ հարգանքը կարող են նոր կյանք ստանալ համատեղ ծրագրերի և մշակութային երկխոսության միջոցով։
Հատկապես կարևորվել է Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի ազգային թանգարանի միջև սկսված համագործակցությունը, որը դիտարկվում է որպես երկկողմ մշակութային գործընկերության ռազմավարական հիմք։ Այս համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվել համատեղ ցուցադրությունների կազմակերպմանը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնումն ու մշակութային արժեքների փոխանակումն ապահովող արդյունավետ հարթակ։
Այս համագործակցության ամենակարևոր իրադարձությունը 2025 թվականի վերջին և 2026 թվականի սկզբին Օմանի ազգային թանգարանում կայանալիք «Խնկի ճանապարհին․ Հայաստան» խորագրով ցուցահանդեսն է։ Ցուցադրության շրջանակում Օմանի հյուրերին կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից առանձնահատուկ արժեք ունեցող ցուցանմուշներ։