ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի վերաբերյալ տեղեկությունները՝ նախքան նրան դատախազության առաջխաղացման ցուցակում ընդգրկելը, իրականացրել էր մանրամասն քննություն։
Քննության ընթացքում պարզվել է, որ 2011 թվականի մարտի 4-ից մինչև 2023 թվականի մարտի 17-ը Գագիկ Այվազյանը հանդիսացել է «Կարանգա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և գործադիր մարմնի ղեկավար։ 2020 թվականի փետրվարի 11-ին, ընկերության տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, Այվազյանը Պետական եկամտային կոմիտեին (ՊԵԿ) դիմում էր ներկայացրել՝ իրեն որպես առցանց լիազոր գրանցելու համար։
Այնուամենայնիվ, Գագիկ Այվազյանի տարեկան հայտարարագրերում՝ 2019, 2020 և 2021 թվականների համար, ընկերության կապիտալում բաժնեմասի սեփականատեր լինելու, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու կամ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որևէ տվյալ չի ներկայացվել։
«Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել վճարովի այլ աշխատանք։
Հանձնաժողովը, հիմնվելով այս պահանջի խախտման վրա, 2023 թվականին հարուցել էր վարույթ՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով։
Այվազյանը Հանձնաժողովին ներկայացրել էր պարզաբանում, որում նշել էր․ «2011 թվականին՝ նախքան ընկերության բաժնեմասն իրեն փոխանցելը, ՊԵԿ դիմում է ներկայացրել ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Ընկերության գործունեությունը համարվել է դադարեցված, և այն դրանից հետո որևէ գործունեություն չի ծավալել և շրջանառություն չի ունեցել։ Իմ կարծիքով՝ ինձ փոխանցվել է միայն ընկերության գույքը, և ընկերության տնօրեն հանդիսանալու վերաբերյալ տեղյակ չեմ եղել»։
Հանձնաժողովը ընդունել է այս պարզաբանումը և եզրակացրել, որ Գագիկ Այվազյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջը։