ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է բարելավել պետական նպաստների և կենսաթոշակների վճարման համակարգը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց նախագծերի փաթեթի հիմնական դրույթները։ Նրա խոսքով՝ համակարգում արդեն արձանագրվել են էական, դրական փոփոխություններ։
Հիմնական զեկուցողը մանրամասն ներկայացրեց նախատեսվող իրավական կարգավորումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը։ Նա առաջարկեց հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը։
Նախատեսվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Կառավարությունը կհաստատի կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ։ Ըստ այդ կարգի՝ 2026 թվականի ապրիլի 1-ից սկսած բոլոր վճարումները կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Հարցադրումների ընթացքում Դավիթ Խաչատրյանը պատասխանեց պատգամավորների հարցերին՝ տրամադրելով պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ։
Հանձնաժողովի անդամները իրենց ելույթներում կարևորեցին առաջարկվող փոփոխությունները՝ ընդգծելով դրանց դրական ազդեցությունը։
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքների նախագծերի փաթեթը 24-ժամյա ռեժիմով քննարկելու Կառավարության առաջարկին։